«Ուզում են էնտեղից ղարաբաղցիներին հանեն, բայց չի ստացվելու, ղարաբաղցին պինդ եղել է, պինդ էլ մնալու է, որ պետք լինի, ես 70 տարեկան մարդ եմ, գնալու եմ կռիվ անեմ»,- «Ռադիո Վան»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ասկերանի շրջանում վերջին օրերի զարգացումներին, ասաց հադրութեցի Վովա պապը, ով այսօր մասնակցում էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև ի պաշտպանություն արցախահայերի կազմակերպված բողոքի ակցիային։
Հիշեցնենք՝ մարտի 24-ին՝ կեսօրից հետո, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանում խախտել են շփման գիծը՝ ներխուժելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ ու հարակից Քարագլուխ բարձունք։ Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես՝ Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի պայմանագրային 3 զինծառայող, 14 զինծառայող էլ վիրավորվել է, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս գործողություններին զուգահեռ՝ Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում երկրորդ անգամ դադարեցվել էր գազամատակարարումը՝ Հայաստանից գնացող միակ գազարարով։
Գազամատակարարումը վերականգնվել է մարտի 28-ին, մարտի 27-ին Ադրբեջանը դուրս է բերել իր զորքերը Փառուխից գյուղից, սական ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում։
Խրամորթից ու Փառուխից Ադրբեջանի վերջին օրերի հանցավոր քայլերի հետևանքով տարհանվել է շուրջ 200 երեխա, կանայք ու տարեցներ, ընդհանուր շուրջ 400 քաղաքացի։
Պաշտոնական Բաքուն, ի դեպ, հերքելով Արցախում իրավիճակի լարման մասին լուրերը, Հայաստանին հորդորել է կատարել «ստանձնած պարտավորություններն» ու «հայկական ապօրինի կազմավորումները» դուրս բերել տարածաշրջանից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում իր ելույթում շեշտել է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն Ադրբեջանը մեկանաբանում է կամայական կերպով, ու մտածածին են այդ երկրի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:
«Ղարաբաղից Պաշտպանության բանակի դուրսբերումը նշանակում է Արցախի հայերի դուրսբերում»,-հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչությունը ամեն ահաբեկելունպատակը մարդկանց իրենց հայրենիքից տեղահանելն է։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան