«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին»,-ՀՀ կառավարության հերթական նիստի մեկնարկին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա է շեշտադրվել Անվտանգության խորհրդի մարտի 28-ի հայտարարությունում:
Փաշինյանը նկատելով, որ նշյալ հայտարարությունը, բնականորեն, լրացուցիչ հարցեր է առաջացրել, հանդես եկավ պարզաբանումներով և հիմնավորումներով, որպեսզի, նրա խոսքով, թե՛ հայաստանյան, և թե՛ միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի:
«Ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակութան ձևավորման քաղաքականություն: Նա նախ դիվանագիտական և/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում ինչ-որ պայմանավորվածություններ:
Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդեն արդարացվում են վերը նկարագրված խոսույթով ու բանաձևումներով:
Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաև հիմա և ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել և իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն և ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է:
Վերը նշված համատեքստում, ի դեպ, երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը, ինչպես հիմա ընդունված է ասել՝ fake news-ը: Հիմա օրինակ, արևմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ СУ-30СМ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սա, իհարկե, աղաղակող ապատեղեկատվություն է և մեր СУ-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել: Նույն կերպ իբրև ճշմարտություն է հրամցվում նաև այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա։ Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց նրանց ներգրավմանը և սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է։
Իսկ տարածաշրջանային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատ շահարկվածը, թերևս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման է: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի Հանրապետությունն անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը մինչդեռ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես բազմիցս հրապարակային արտահայտել եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր:
Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանը այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանին 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունները: Կառավարության նախորդ նիստում, ուղիղ եթերում ես մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին, և արձանագրել, որ մարտի 10-ին Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ և մենք մարտի 14-ին, այսինքն՝ չորս օր անց, որոնցից երկուսը ոչ աշխատանքային, գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին և պատասխանը փոխանցել ենք այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ստացել ենք:
Այն մեզ է փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիրը, մենք պատասխանը փոխանցել ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջոցով: Նաև հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2022 թվականի մարտի 21-ին հայտարարել է. (մեջբերում եմ)
«Մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը փոխանցված մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար՝ այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին» (մեջբերման ավարտ):
Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է և ինչպես տեսնում եք, Ադրբեջանի փոխանցած հինգ կետանոց առաջարկին Հայաստանի Հանրապետությունն արձագանքել է թե հրապարակային և թե աշխատանքային-դիվանագիտական խողովակներով: Այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: և ուրեմն հարց է ծագում, ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն:
Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը:
Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է: Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում սակայն մի կարևոր հարցի. իսկ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում: Հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը առկա է և ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգում, Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն և այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի: Ադրբեջանը, ըստ էության, փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից, այդպիսով հարցը փակված համարելու համար:
Եթե սխալվում ենք, Ադրբեջանն ուրեմն թող Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերի քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրություն ցուցաբերի: Խնդիր, որ առաջ է քաշում ոչ միայն Հայաստանը, այլև ողջ միջազգային հանրությունը:
Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում, պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաև այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը:
Այս անվանման օգտագործումը սակայն, միանշանակ և աներկբա լեգիտիմ է, տրամաբանական, այլոց թվում նաև այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է՝ Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եզրույթները: Այդ հայտարարության տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:
և ի դեպ, այն որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով: Այդպիսին են օրինակ, Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:
Սա առավել քան կամայական մեկնաբանություն է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան: Ասեմ նաև, որ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտացածին է: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքը հրապարակային հայտարարել է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի: (Ընդգծեմ, որ մեր տեսանկյունից ակնհայտորեն մինչև օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները մենք իհարկե շարունակում ենք:)
Բայց պիտի արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի (ՊԲ) դուրսբերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում, և ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է: Սրանով է նաև հիմնավորվում, Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եւ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ:
Նախկինում մենք առաջարկել ենք լուծումներ, որոնք կնվազեցնեին կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը, նկատի ունեմ Փառուխի հետ կապված իրադարձությունները: Առաջարկի էությունը հետևյալն է. արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով: Այս առաջարկությունը չի ընդունվել, բայց երաշխիքների արդիականությունն ակնհայտ է հատկապես հիմա:
Պիտի տեղեկացնեմ, որ Փառուխի ճգնաժամը, ըստ էության, ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում: Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը: Հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:
Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է:
Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար:
Ակնկալում ենք նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեցի, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության: Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մարդկանց, տեխնիկայի, տրակտորների ուղղությամբ, բնականաբար, ղեկին գտնվող մարդկանց: Նման դեպքեր են արձանագրվել Նոր Շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից, խաղաղապահների ներկայությամբ:
Այս գործողությունների ակնհայտ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է»:
Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։