Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Արցախում իրավիճակի լարման վերաբերյալ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ նախօրեին ուշ երեկոյան տարածած հայտարարությանը՝ նշելով, թե՝ «այն պաշտոնական Երևանի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է»։
Հիշեցնենք՝ մարտի 24-ի ուշ երեկոյան Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ՝ կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, միաժամանակ, շեշտել է, որ այդ գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։
Բաքվի ԱԳՆ-ն, ահա,հղում է անում այդ երկրի ռազմական գերատեսչությանը՝ ընդգծելով, թե «տարածաշրջանում ընթանում է դիրքերի, տեղակայման վայրերի ճշգրտման գործընթաց»։
Անդրադառնալով էլ Ղարաբաղում՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ժամանակավոր տեղակայման հատվածում, գազամատակարարման խնդրին՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է, թե դա կապված է տարածաշրջանում եղանակային վատ պայմանների հետ։
Պաշտոնական Բաքուն, սակայն, չի մանրամասնում, թե, մասնավորապես, ինչն է խոչընդոտում գազամատակարարման վերականգնմանը։
Եզրափակելով հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկնում է ավելի վաղ հնչեցրած՝ Ղարաբաղից «հայկական ապօրինի կազմավորումները» դուրս բերելու ու նաև միջազգային իրավական սկզբունքների հիման վրա հարաբերությունները նորմալացնելու պահանջները։