«Ադրբեջանի զինված ուժերը բացի այն, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով: Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները, հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է»,-ՀՀ կառավարության հերթական նիստի մեկնարկին իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։
Նա նշեց, որ հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում:
«Մենք իհարկե մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ, բայց այն՝ ինչ անում է Ադրբեջանը, մարդկանց խղճի և կրոնի ազատության նկատմամբ բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց և ի վերջո վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները»,-նկատեց վարչապետը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու Ադրբեջանի քաղաքականության մասին՝ Փաշինյանը հիշատակեց Ադրբեջանի մշակույթի նախարարի փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «Աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»:
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես մեկնարկում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը: և մշակույթի նախարարի հայտարարությունն ամենևին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարն էլ են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին. «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Այս բոլոր իրավիճակները մեր կարծիքով և համոզմամբ պետք է պատշաճ միջազգային քննության և գնահատականի արժանանան: Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով ամեն օր (ներառյալ գազային ահաբեկչությունը) և դրա նպատակը մարդկանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է»,-նշեց ՀՀ վարչապետը՝ արձանագրելով, որ Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով և մեզ մերժողականության կամ պայմանավորվածությունները չկատարելու մեջ մեղադրելու որևէ հիմք կամ հիմնավորում չկա:
«Կրկին անգամ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունն եմ արտահայտում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր: Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին: Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: և ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,-շեշտեց Փաշինյանը։
Փաշինյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։