Հանձնարարվել է արագորեն գնահատել Խրամորթից ու Փառուխից տարհանված շուրջ 200 երեխայի, կանանց ու տարեցների կարիքները․ Բեգլարյան - RadioVan.fm

Онлайн

Հանձնարարվել է արագորեն գնահատել Խրամորթից ու Փառուխից տարհանված շուրջ 200 երեխայի, կանանց ու տարեցների կարիքները․ Բեգլարյան

2022-03-29 17:34 , Политика, 977

Հանձնարարվել է արագորեն գնահատել Խրամորթից ու Փառուխից տարհանված շուրջ 200 երեխայի, կանանց ու տարեցների կարիքները․ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել է սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանն արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ նշել է Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված տարբեր կառույցների կողմից իրականացվող աշխատանքները:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Քանի որ հաճախակի են հարցումներով դիմում կատարվող աշխատանքների մասին, հայտնեմ, որ այս օրերին տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Ես քանիցս այցելել եմ Խրամորթ համայնք, կապ եմ պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ:

Նախ, Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն:

Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք: Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները:

Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ:

Մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան»,-ասված է Բեգլարյանի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին՝ կեսօրից հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, անվտանգության նկատառումներից ելնելով՝ Խրամորթ համայնքի կանայք և երեխաները տարհանվել էին:

Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնել է, որ Փառուխ գյուղը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, իսկ այսօր տարածած տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում, Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը, և ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ շարունակական աշխատանքներ են տարվում՝ ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխման և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть