COVID-19-ի փաստահավաք խումբը՝ մայիսի 4-ից սահմանափակումների թուլացման հետևանքների մասին - RadioVan.fm

Онлайн

COVID-19-ի փաստահավաք խումբը՝ մայիսի 4-ից սահմանափակումների թուլացման հետևանքների մասին

2020-05-02 19:33 , Политика, 1843

COVID-19-ի փաստահավաք խումբը՝ մայիսի 4-ից սահմանափակումների թուլացման հետևանքների մասին

«Կորոնավիրուսի լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի արդյունքում հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը»,-այդ մասին այսօր տարածած հայտարարությունում ընդգծում է նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման փաստով պայմանավորված ՀՀ-ում ձևավորված փաստահավաք խումբը:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի վարակիրների թվի սրընթաց աճ՝ 596 նոր վարակակիր՝ 167 դեպքով ավելի, քան նախորդող շաբաթ, վերջին 14 օրվա ընթացքում էլ գրանցվել է 13 կորոնավիրուսային մահ:

Հայաստանում կորոնավիրուսի կայծակնային տարածման պատճառն ի սկզբանե իշխանության անլուրջ, անփույթ և անպատասխանատու վերաբերմունքն էր, ապա արտակարգ դրություն մտցնելուց հետո, ապաշնորհ կառավարմամբ պայմանավորված, սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողություն սահմանելու անկարողությունն, ինչի հետևանքով ոչ միայն չկանխարգելվեց կորոնավիրուսի տարածումն, այլ հակառակն՝ ավելի լայն թափով տարածվեց:

Մոտ երկու ամիս տևած ձևական կարանտինի ընթացքում իշխանությունը չկարողացավ պատշաճ հսկողություն իրականացնել սահմանափակումների պահպանման նկատմամբ, չպահպանվեց ո՛չ մեկուսացման, ո՛չ ինքնամեկուսացման ռեժիմը՝ հանգեցնելով ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ առողջապահական լուրջ խնդիրների:

Կորոնավիրուսի լայն թափով տարածման պայմաններում որոշվել է մայիսի 4-ից թուլացնել սահմանափակումները, ինչի արդյունքում հանրային առողջության համար առաջացած լրջագույն վտանգների և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է իշխանությունը»։

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ մայիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 2273 է, բուժվածների թիվը 1010 է, հիվանդությունից մահվան ելքերի թիվը՝ 33:

Վեջին 3 օրերի ընթացքում վիրուսով վարակվածների թիվը ավելացել է, համապատասխանաբար, 134-ով (ապրիլի 30), 82-ով (մայիսի 1), 125-ով (մայիսի 2):

Չնայած այս դինամիկային՝ կառավարությունը չի շտապում փոխել սահմանափակումների թուլացմանն առնչվող պլանները. մայիսի 4-ից կհանվեն մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները և կվերացվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։

Կբացվի մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։

Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք:

Կթույլատրվի վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը։

Մինչ այդ՝ տեղաշարժի՝ այս օրերին գործող սահմանափակումների ցանկից պարետի՝ ապրիլի 28-ի որոշմամբ՝ հանվել է բնակության վայրից 1 կմ հեռավորության վրա զբոսնելու սահմանափակումը, ըստ որի քաղաքացիները կարող են զբոսանքի դուրս գալ բնակության վայրից ոչ ավել, քան 1 կիլոմետր հեռավորությամբ՝ ոչ ավել, քան 2 չափահաս անձով կամ ընտանիքի անդամներով:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից հայտարարված 1-ամսյա արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց ևս մեկ ամսով՝ սահմանելով մինչև մայիսի 14-ը, ժամը 17:00-ն:

Երկարաձգվել էր նաև ՀՀ պարետի որոշմամբ հանրապետությունում մարտի 25-ից 7 օրով ուժի մեջ մտած մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը: Այս օրերին քաղաքացիներին կոչ է արվում տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և պարետի կողմից հաստատված տեղաշարժման թերթիկը՝ լրացված տարբերակով, այլապես, ինքնամեկուսացման պահանջները խախտողները կտուգանվեն 100-250 հազար դրամով, այդ ընթացքում այլոց վարակելիս՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով։

Лента

Рекомендуем посмотреть