Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման փաստով պայմանավորված, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, երբ հանրությունը պետք է բավարարվի միայն պարետատան և ՀՀ համապատասխան կառույցների ու պաշտոնյաների տրամադրած տեղեկություններով՝ իրավական, առողջապահական և լրատվական համայնքների ներկայացուցիչները՝ ի դեմս բժիշկ Գևորգ Գրիգորյանի, փաստաբան Տիգրան Աթանեսյանի և Analitik.am լրատվական կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանի, հանդես են եկել փաստահավաք խումբ ստեղծելու նախաձռնությամբ:
Խումբը զբաղվելու է «նոր կորոնավիրուսի տարածման և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքում հանրության համար կասկածելի, անուշադրության մատնված փաստերի հավաքագրմամբ, վերլուծմամբ և լուծման առաջարկներ մշակելով»։ Նշում են՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ են համագործակցել Պարետատան հետ: Վստահեցնում են՝ գործելու են խստագույնս պահպանելով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը և ՀՀ գործող օրենսդրությունը: Փաստահավաք խմբի կողմից հավաքված նյութերը կհանրայնացվեն ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարված ժամկետի ավարտից հետո:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված տեղեկատվությունն այս օրերին տրամադվում է ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
ՀՀ-ում մարտի 16-ից 1 ամիս ժամկետով ուժի մեջ մտած արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացվում է Պարետատնից, պարետ է նշանակված փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: