Հայաստանում անցած 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 82-ով: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ հասել է 2148-ի, բուժվածների թիվն ավելացել է 48-ով՝ հասնելով 977-ի, արձանագրվել է մահվան 1 դեպք՝ հիվանդությունից մահվան ելքերի թիվը հասցնելով 33-ի:
Անդրադառնալով մահվան նոր դեպքին՝ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ 27 տարեկան պացիենտն ունեցել է բնածին խրոնիկական հիվանդություններ:
«27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,-մանրամասնել է նա: