«Քաղաքացիներն ունեն խիստ անհանգստություն նոր «հոկտեմբերի 27»-ի կրկնության հրահրման հետ կապված»․ ՔՊ-ական պատգամավորը՝ իրենց դիմում-պահանջագիր փոխանցելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Քաղաքացիներն ունեն խիստ անհանգստություն նոր «հոկտեմբերի 27»-ի կրկնության հրահրման հետ կապված»․ ՔՊ-ական պատգամավորը՝ իրենց դիմում-պահանջագիր փոխանցելու մասին

2022-05-03 19:21 , Политика, 1157

«Քաղաքացիներն ունեն խիստ անհանգստություն նոր «հոկտեմբերի 27»-ի կրկնության հրահրման հետ կապված»․ ՔՊ-ական պատգամավորը՝ իրենց դիմում-պահանջագիր փոխանցելու մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 124-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորներն այսօր Ազգային ժողովի (ԱԺ) ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ավարտին հանդես եկան մինչև 3 րոպե հայտարարությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը հայտնեց, որ բազմաթիվ քաղաքացիներ այսօր դիմում-պահանջագիր են փոխանցել իրենց։

Իշխանական պատգամավորն ասաց, թե ՀՀ քաղաքացին ցանկանում է իմանալ, թե դեռ ինչքա՞ն պետք է վճարի այն պատգամավորներին, ովքեր կոչված են իրենց գործունեությամբ ծառայել ժողովրդին և պետությանը, սակայն, պարբերաբար բացակայում են նիստերից։

ՔՊ-ական պատգամավորը, ընդգծելով, թե քաղաքացիներն ունեն խիստ անհանգստություն նոր «հոկտեմբերի 27»-ի կրկնության հրահրման հետ կապված, ասաց, որ նրանք խնդրում են գնահատական տալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Լիլիթ Կիրակոսյանը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց քաղաքացիների՝ իրենց ուղղված 5 կետից բաղկացած պահանջագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 12-ին հայտարարեցին, որ բոյկոտում են քառօրյայի նիստերը, մեկնում են Արցախ։

Նրանք նշել էին, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել։

«ՀՀ ներկայիս իշխանությունն անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով: Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին պատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»,-հայտարարել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ թեև խոչընդոտվել էր, այդուամենայնիվ, վերջիններս առ այսօր չեն վերադարձել խորհրդարան ու հայտարարել են «Դիմադրության» շարժմամբ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով փողոցային պայքարի մասին։ Շարժման համակիրներն արդեն 2 օր է՝ փակ են պահում Երևանի Ֆրանսիայի հրապարակը, խաղաղ անհնազադության ակցիաներով՝ փողոցներ ու մայրուղիներ փակում։

Հավելենք՝ խորհրդարանի նիստերը բոյկոտելու՝ ընդդիմադիր խմբակցությունների որոշմանն անդրադառնալով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամբիոնից հորդորել էր նրանց վայր դնել մանդատները։

«Դրե՛ք մանդատները, եթե ստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք ստեղ, ինչի՞ եք գալիս ստեղ, ինչի՞ եք աշխատավարձ ստանում, ինչի՞ են էդ գումարները ձեր սպասարկման համար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, մեկ ա՝ էդ կայքերը ոչ ոք չի կարդում, ձեր հեռուստաալիքներն էլ, բացի ձեր ընտրողների մի փոքր զանգվածից, մարդ չի նայում։ Գտե՛ք ձեզ»,-հայտարարել էր ԱԺ նախագահ Սիմոնյանը:

Лента

Рекомендуем посмотреть