Իշխանափոխության պահանջով մայիսի 1-ից փակված Երևանի Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ։
Հրապարակում ծածանվում են Հայաստանի և Արցախի դրոշները, վրաններին փակցված են Հայաստանի բնակավայրերի, մարզերի, Արցախի բնակավայրերի անվանումներով պաստառներ։
Իշխանափոխության պահանջով խորհրդարանական ընդդիմության «Դիմադրության» շարժմանը միացած քաղաքացիների խոսքով՝ այսօր Երևանում որոշվում է հայ ազգի ճակատագիրը։
«Դրված է հայ ազգիս լինել-չլինելու հարցը։ Հասկանում եմ՝ մարդիկ կան, որ ինչ-որ պերսոնաժների չեն սիրում, բայց էսօր էդ հարցը չի, ժողովուրդ ջան։Հայրենիքիս կեսը կապիտուլյացիայի ենթարկած անձը պետք է հեռանա»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հրապարակում գտնվող Արմավիրի բնակիչ Վանյան։
Սյունիքից Երևան հասած Եզնիկ Մաթևոսյանը, ով «նախկինների» արարքները չի արդարացնում, ընդգծեց՝ ներկա իշխանությունները 4 տարվա ընթացքում ապացուցեցին, որ քաղաքական առումով իմպոտենտ են, հետևաբար, ժամանակն է, որ «նրանց նետեն քաղաքականության աղբամանը»։
«Եթե նախկիններին չեք պատժել՝ պետք է վերացվեր այդ անպատժելիության մթնոլորտը, ղեկավարը պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արել է։ Եթե մի սովորական մահկանացու մեկի տանից մի հավ է գողանում՝ նրան դատապարտում են․ էսքան անմեղ զոհերի համար, էսքան հողային կորուստների համար հնարավոր չէ, որ մարդ պատասխան չտա, ոչ թե մարդ, այլ՝ մարդիկ»,-ասաց «Դիմադրության» շարժմանը միացած սյունեցին։
«Ժամանակին վարչապետ կոչեցյալը ամբիոններից ասում էր՝ Արցախի ճակատագիրը որոշողը չի, քանի որ արցախցին իրեն չի ընտրում, բայց, իրեն իրավունք վերապահեց, Արցախի 75 տոկոսը՝ անգին զոհերի գնով, նվիրեց թուրք-ադրբեջանական տանդեմին,-հիշեցրեց սյունեցին՝ նշելով, որ հասկանում է իրենց պայքարին չմիացողներին՝ մարդիկ օրվա սոցիալական խնդիր են լուծում,-բայց մի բան թող լավ իմանան՝ եթե չմիանան մեր պայքարին՝ վաղը, մյուս օրը արդեն ուշ է լինելու, որովհետև աշխատավարձը, կարող է, թումանով կամ մանաթով ստանան»։
Իշխանափոխության պահանջին միացածների շարքերում էր նաև դասադուլ հայտարարած բժշկականի քոլեջի 3-րդ կուրսի ուսանող 17-ամյա Մարիամը, որի աջ ձեռքի դաստակը երեկ, Արշակունյաց պողոտայում անհնազանդության ակցիայի ժամանակ բերման ենթարկվելիս, կոտրվել է։
Մարիամը նշեց, որ իր նպատակն այն է, որ թուրքը չտիրի մեր հայրենիքին։
«Հայը թուրքի հետ չի կարա բարեկամանա, ընկերանա, ես դեմ են դրան, իմ պապան հոպարը դրա համար չեն կռվել, դրա համար չեն ընկերներ կորցրել»,-ասաց նա։
Կոտայքի մարզից Ֆրանսիայի հրապարակ եկած Արմինե Թավաքալյանն էլ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում դիմեց իրավապահներին, մասնավորապես, կարմիր և սև բերետավորներին․
«Մեր երեխաներին ներսում իրավունք չունեք ջարդել, գնացեք թուրքին ջարդեք։ Դուք թուրք եք հայի համազգեստով»։
Ֆրանսիայի հրապարակում էր նաև, ինչպես ներկայացավ՝ բնիկ երևանցի, արևմտահայի թոռ 76-ամյա Պերճը։ Նրա համոզմամբ՝ եթե ժողովուրդը ոտքի չկանգնի՝ հայ ազգին լավ հեռնակար չի սպասվում։
«Ուզում են թուրքի ծրագրով շարժվեն, սահմանազատումը լինում ա էն ժամանակ, երբ որ խաղաղություն ա լինում․ թշնամին հոխորտում ա, սրանք խաղաղության պայմանագրից են խոսում։ Ինչ սահմանազատում՝ ո՞ր քարտեզներով են անելու՝ թուրքի՞։ Սատանի մայլեն քյանդրբազություն են անում՝ կարճ ասած»,-ասաց իշխանափոխության պահանջին միացած Պերճը՝ նշելով, որ վտանգները ամեն օր է տեսնում՝ «սահմանին զոհերը, բանակում զոհերը, փողոցներում բաշիբոզուկների նման մարդկանց վրա հարձակվելը։
«Սա երկի՞ր ա, թե՞ խուլիգանություն ա, էս ազգակործան իշխանությունից վերջապես պե՞տք ա ազատվել, թե՞ չէ»,-հավելեց երևանաբնակ տարեցը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ ու երթեր անցկացրած խորհրդարանական ընդդիմության «Դիմադրության» շարժման անդամները մայիսի 1-ից վրաններ են տեղադրել և գիշերում են Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Իշխանափոխություն պահանջող քաղաքացիները մայիսի 2-ից առավոտյան ժամերին խաղաղ անհնազանդության գործողություններ են իրականացնում՝ փակելով փողոցներ։
«Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի»,-հայտարարել են շարժման առաջնորդները՝ այսօր՝ 19։00-ին, քաղաքացիներին հրավիրելով Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան