«Այսօր «Դիմադրության» շարժման կոչով անհնազանդության ակցիաներ են իրականացվել ամբողջ Երևանում և Հայաստանի մարզերում։
Արժանապատիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և բողոքի խաղաղ ակցիաներ են իրականացրել Վանաձորում, Ալավերդիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Երևան-Արարատի մարզ մայրուղու հատվածում, Էջմիածնում, Գյումրիում, Աշտարակում, Ապարանում, Նոր Հաճն համայնքում և այլուր»,-այդ մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմին ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետության բոլոր հրապարակները ժողովրդի տրամադրության տակ են։
«Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի»,-ընդգծեց ընդդիմադիր գործիչը՝ հայտնելով, որ բողոքի ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 16։00-ն, որից հետո ժամը 19։00-ին կհավաքվեն Ֆրանսիայի հրապարակում՝ ամփոփելու այսօրն ու միասին պլանավորելու վաղվա անելիքները։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ապրիլի 25-ից իրազեկման ակցիաներ ու երթեր անցկացրած խորհրդարանական ընդդիմության «Դիմադրության» շարժման անդամները մայիսի 1-ից վրաններ են տեղադրել և գիշերում են Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Մայիսի 2-ից իշխանափոխություն պահանջող քաղաքացիները առավոտյան ժամերին խաղաղ անհնազանդության գործողություններ են իրականացնում՝ փակելով փողոցներ։