ԱԺ ընդդիմադիրները բոյկոտել են հերթական քառօրյան՝ հայտարարելով՝ այսօր մեկնում են Արցախ - RadioVan.fm

Онлайн

ԱԺ ընդդիմադիրները բոյկոտել են հերթական քառօրյան՝ հայտարարելով՝ այսօր մեկնում են Արցախ

2022-04-12 12:56 , Политика, 1288

ԱԺ ընդդիմադիրները բոյկոտել են հերթական քառօրյան՝ հայտարարելով՝ այսօր մեկնում են Արցախ

Ազգային ժողովի (ԱԺ) հերթական քառօրյայի մեկնարկին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններըհայտարարեցին, որ չեն մասնակցելու այս քառօրյային ու քվեարկություններին, պատրաստվում են այսօր մեկնել Արցախ։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նշելով, որ Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել, ընդգծեց, որ իրենց համար սակարկելի չեն Հայաստանի անկախության հռչակագրում նշված դրույթները՝ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։

Նա նաև անընդունելի համարեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

«ՀՀ ներկայիս իշխանությունն անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ. վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով: Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում մեր ժողովրդին պատրաստում ենք նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ մեկնում են Արցախ և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ մարզեր՝ որպես շարունակություն հայրենակիցների հետ անմիջական շփման։

«Լինելու ենք այնտեղ, որտեղ որ այսօր մեր երկրի առաջնահերթ օրակարգն է և, վերահաստատելով մեր դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությամբ տեղադրում եմ Արցախի Հանրապետության դրոշը։ Պահպանենք այս դրոշը, քանզի պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը»,-հայտարարեց Սեյրան Օհանյանն՝ Արցախի դրոշը ամրացնելով ԱԺ ամբիոնին։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքը, չեն մասնակցելու այս քառօրյային, մեկնելու են Արցախ՝ լինելու մեր հայրենակիցների կողքին։

Հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։

«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում այնուհետ հրապարակվել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես են ընդդիմադիր պատգամավորները դուրս գալիս խորհրդարանի շենքից։

Лента

Рекомендуем посмотреть