Ազգային ժողովը (ԱԺ), լարված մթնոլորտում երեք օր ընթացած քննարկման արդյունքում, այսօր 70 կողմ ձայնով ընդունել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:
Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ կառավարության ծրագիրը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
«Կողմ 70, դեմ 0, ձեռնպահ 0, նախագիծն ընդունված է»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ այսօր ելույթներ էին ունեցել բոլոր խմբակցությունների ղեկավարները։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ չկա երաշխիք, որ այս ծրագիրը կատարվելու է, դառնալու է իրականություն: Նա ընդգծել էր, որ երբեք չէր մտածի, որ կրկին կասի՝ «Կանգ առեք», ասում է, որովհետև «տեսնում է, թե ինչպես է իշխանությունը գնում և երկիրը տանում դեպիմի նոր ու վտանգավոր ծուղակ»:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ընդգծել էր, որ ծրագիրը չի համապատասխանում պետության խնդիրներին, այն տպավորություն է ստեղծում, թե նախորդ մեկ տարում մեր երկրում ոչինչ չի եղել, չեն փոխվել մեր պետության սահմանները, տարածաշրջանում մեր պետության կշիռը, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն։
Օհանյանը հայտնել էր, որ իր խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ, անդրադառնալով ծրագրի երկու կարևոր բաղադրիչներին՝ երկրի ներսում իրավունքի և օրենքի դիկտատուրայի հաստատմանը և Հայաստանի շուրջ խաղաղ զարգացման դարաշրջանի բացմանը՝ Կոնջորյանը նշել էր, որ իրենք շարունակելու են այս հանձնառությունը և պատվով իրացնելու են ՀՀ ժողովրդի կողմից իրենց տրված մանդատը:
Խմբակցության ներկայացուցիչների ելույթներից հետո եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել ընդդիմադիր պատգամավորների ելույթներում իշխանության հասցեին ուղղված որոշ մեղադրանքների, տվեց պարզաբանումներ:
«Մենք պետք է կոնսոլիդացնենք մեր հանրությանը խաղաղության օրակարգի շուրջ, զարգացնենք այդ օրակարգը, կարողանանք պաշտպանել այդ օրակարգը և դրա տրամաբանությամբ ապահովենք ՀՀ կայուն զարգացումը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությունը և քաղաքացիների երջանկությունը: Սա այն մանդատն է, որը ժողովուրդը տվել է մեզ, և մենք այն պետք է իրագործենք»,-ասել է գործադրի ղեկավարը շեշտելով, որ մեր երկիրն այսօր կանգնած է լրջագույն արտաքին մարտահրավերների առջև։
Խորհրդարանի այսօրվա նիստի մանրամասները՝ տեսանյութում։