Հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին շրջանում արձանագրված լարվածության ֆոնին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Էդիկ Խանզադյանի և ընկերների նախաձեռնությամբ քաղաքում ակտիվ աշխատանքներ են տարվում հնամաշ անվադողերի հավաքագրման և դրանք առաջնագիծ ուղարկելու գործում։
Նպատակը՝ մարտական հենակետերում հայ զինվորի անվտանգության ապահովման մեջ փոքրիկ ներդրում ունենալն է։
Անվադողերի առաջին խմբաքանակը Էդիկի կրտսեր որդին պապիկի հետ է հավաքել, իսկ նախաձեռնությանն անմիջապես արձագանքել են համայնքի բնակիչները՝ մեծից փոքր։
«Տանում եմ զինվորներին»,-մտմտում է մեծերի գործին իր փոքրիկ ձեռքերով աջակցող Վահանը, որը դեռ 3 տարեկան էլ չկա։
Նախաձեռնության մասին Էդիկն անձամբ որևէ բան խոսել-պատմել չի ցանկանում։
«Հերոսացնելու աշխատանք չէ»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց նա՝ միայն նշելով, որ անվադողերով բարձված արդեն 2 բեռնատար է ուղևորվել Տավուշի մարզ՝ ըստ նպատակակետի:
Նշենք, որ Սևանը Գեղարքունիքի մարզի միակ համայնքը չէ, որում նման նախաձեռնություն է իրականացվում․ ինչպես օրեր առաջ հայտնել էր մարզպետ Գնել Սանոսյանը՝ Լիճք, Ծակքար, Ծովասար, Վարդենիկ, Դդմաշեն համայնքներում ևս բնակիչները ակտիվորեն լծվել են այդ գործին։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի (ԶՈւ) սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը:
Հուլիսի 16-ին, շուրջ 24-ժամյա դադարից հետո, գիշերը՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության «Յաշմա» ջոկատը՝ ավելի քան 100 հոգու կազմով, դիվերսիոն հարձակում էր գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքի ուղղությամբ՝ այն գրավելու նպատակով: Դիրքը, նշենք, գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել էին դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ էին ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:
Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին, «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Հուլիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 10 հարվածային, 3 հետախուզական, այդ թվում՝ 30 միլիոն արժողությամբ իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը։
Ադրբեջանը հաստատել է 12 զոհի մասին, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ են՝ Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը:
Հուլիսի 12-14-ը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական զինված ուժերի 4 զինծառայող, վիրավորում ստացել՝ մոտ երկու տասնյակը: Բուժում ստացող 10 զինծառայողներից մեկը, որի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, մահացավ զինհոսպիտալում՝ հուլիսի 23-ին։
Հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ զինված ուժերի և խաղաղ բնակավայրերի վրա ոտնձգությունների փաստերով շուրջ 30 քրեական գործ է հարուցվել։
Չնայած վերջին օրերին սահմանին պահպանված հարաբերական անդորրին՝ այսօր հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան