ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում ներկայացրել է վերջին օրերին ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մնացորդները:
«Այսքանից հետո դեպի հայկական օդային տարածք չարժե այցելել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը:
Հուլիսի 16-ին, շուրջ 24-ժամյա դադարից հետո, գիշերը՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության «Յաշմա» ջոկատը՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն էր գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքի ուղղությամբ՝ այն գրավելու նպատակով: Դիրքը, նշենք, գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել էին դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ էին ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:
Վեջին օրերին՝ այս գիշերը ներառյալ, սահմանին հարաբերական անդորրը պահպանվում է։
Այս օրերին ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 10 հարվածային, 3հետախուզական, այդ թվում՝ 30 միլիոն արժողությամբ իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը