Չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել:
Այդ մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ)
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքի»,-նշված է Արցախի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Նշենք՝ երեկ, ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու, հայկական զինված ուժերի (ԶՈւ) սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել: «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,-տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ավելի ուշ հայտնելով, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:
Շուշան Ստեփանյանը միաժամանակ շեշտել է, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում, թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները, և իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Այսօր առավոտյան ՊՆ մամուլի խոսնակը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության արտահերթ նիստում ասաց, որ Հայաստանի սահմանին հրետանակոծությունը պարբերաբար վերսկսվում է, դիպուկ կրակով լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը