Գիշերը հակառակորդի դիվերսիոն փորձ է կանխվել, լուսադեմից ադրբեջանցիները հրետակոծում են Այգեպարը և Մովսեսը. ՀՀ ՊՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Գիշերը հակառակորդի դիվերսիոն փորձ է կանխվել, լուսադեմից ադրբեջանցիները հրետակոծում են Այգեպարը և Մովսեսը. ՀՀ ՊՆ խոսնակ

2020-07-16 12:10 , Общество, 1538

Գիշերը հակառակորդի դիվերսիոն փորձ է կանխվել, լուսադեմից ադրբեջանցիները հրետակոծում են Այգեպարը և Մովսեսը. ՀՀ ՊՆ խոսնակ

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում Հայաստանի Զինված ուժերի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը:

Լուրը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է»,-այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը՝ ժամեր անց մանրամասնելով, որ այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Պառավաքար համայնքները, հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը: Վնասվել են տներ, գազատար: Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, ականանետեր, տանկեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը: Ընդհանուր առմամբ, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական: Սահմանին լարվածությունը թուլացել է հուլիսի 14-ին՝ 18:00-ից սկսած: ՀՀ ռազմական գերատեսչության մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ երեկ սահմանին հիմնականում պահպանվել էր հրադադար, միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չէին արձանագրվել: Նշվել էր, որ իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։

Ադրբեջանը հաստատել է 11 զոհի մասին, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ են՝ Ադրբեջանի բանակի կորպուսներից մեկի հրետանու հրամանատար, գնդապետ Իլգար Միրզոևը, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը:

Հուլիսի 12-ից սկսած հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի, մոտ երկու տասնյակ վիրավորներ: Այս պահին բուժում ստացող 10 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть