Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչներից ու համայնքի ղեկավարից ադրբեջանական զինուժի կողմից գյուղը թիրախային հրետակոծման ենթարկելու մասին ահազանգեր է ստացել:
ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ըստ այդ ահազանգերի՝ ադրբեջանական կողմից արձակվել է շուրջ մեկ տասնյակ արկ, վնասվել են գյուղի բնակելի շինություններ:
«Չինարի գյուղից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են փոխանցել հրետանակոծությունից հետո արված լուսանկարներ, որոնք վկայում են գյուղի տներից մեկին պատճառված վնասի մասին: Մեկ այլ դեպքում վնասվել է բնակելի տան շինության տանիքը, իսկ հրետանակոծության պահին տանը եղել են երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերից անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Չինարի բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերն արձակել են 82 մմ տրամաչափի ականանետից 7 արկ, իսկ 120 մմ տրամաչափի ականանետից՝ 3 արկ։
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը, Հայաստանի պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները և սոցիալական մեդիայի հրապարակումները վկայում են, որ թիրախավորվել է Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրը, առկա է խաղաղ բնակիչներին, նրանց կյանքին ու առողջությանը իրական վտանգ, ինչպես նաև գույքին պատճառված վնաս»,-մանրամասնում են ՄԻՊ աշխատակազմից՝ նշելով, որ ամբողջական դիտարկում, տեղեկությունների և փաստերի անկախ հավաքագրում է իրականացվում, իսկ արձանագրումները սահմանված կարգով կամփոփվեն և նոր զեկույցով կուղարկվեն միջազգային կառույցներին:
Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտելով հատկապես գլոբալ համաճարակի պայմաններում Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ՝ հիշեցնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, դեռևս մարտի 23-ին արված՝ զինված հակամարտությունները երկրագնդի բոլոր անկյուններում անհապաղ դադարեցնելու կոչի մասին: Նշյալ կոչին, հիշեցնենք, աջակցություն են հայտնել և՛ Հայաստանի Հանրապետությունը և՛ Արցախի Հանրապետությունը:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին՝ կեսօրին մոտ, Տավուշի հատվածում Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու, հայկական զինված ուժերի (ԶՈւ) սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Նույն օրը, 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
Այսօր ևս Հայաստանի սահմանին իրավիճակը պարբերաբար սրվում է, հաղոդվեց, որ հակառակորդը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ:
Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, 3 զինծառայող և սահմանին ծառայություն իրականացնող 2 ոստիկան մարմնական թեթև վնասվածքներ են ստացել:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ «Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում»:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը