«Չինարի բնակավայրի արկակոծությունը ստեղծված իրադրությանը նոր սրություն է հաղորդում: Ընդ որում՝ ժամանակային առումով, այս ամենին նախորդել է Ադրբեջանում կայացած անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Ադրբեջանի նախագահը խոստացել է «վրեժ լուծել»»,-այդ մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր Չինարիի վրա 82 և 120 մմ տրամաչափի ականանետերից արկերի արձակման լուրին:
«Ադրբեջանից հնչող սպառնալիքներին զուգահեռ, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում շարունակվում է ակտիվ քննարկվել Ադրբեջանին հասցված կորուստների թեման:
Որքան էլ Ադրբեջանը ձգտում է թաքցնել կորուստների, վիրավորների, տեխնիկական միջոցների ոչնչացման թեման, մեկ է՝ այն տարբեր հարթակներում լայն քննարկման առարկա է դարձել»,-եզրափակել է գրառումը Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին՝ կեսօրին մոտ, Տավուշի հատվածում Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու, հայկական զինված ուժերի (ԶՈւ) սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Նույն օրը, 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:
Այսօր ևս Հայաստանի սահմանին իրավիճակը պարբերաբար սրվում է, ժամ առաջ էլ հաղոդվեց, որ հակառակորդը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան:
Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, 3 զինծառայող և սահմանին ծառայություն իրականացնող 2 ոստիկան մարմնական թեթև վնասվածքներ են ստացել:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը