Դիմակի կրման կանոնները խախտողները կտուգանվեն 20 կամ 50 հազարական դրամով․ «Իմ քայլ»-ի նախագիծը պատրաստ է - RadioVan.fm

Онлайн

Դիմակի կրման կանոնները խախտողները կտուգանվեն 20 կամ 50 հազարական դրամով․ «Իմ քայլ»-ի նախագիծը պատրաստ է

2020-07-07 13:36 , Политика, 1075

Դիմակի կրման կանոնները խախտողները կտուգանվեն  20 կամ 50 հազարական դրամով․ «Իմ քայլ»-ի նախագիծը պատրաստ է

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի առաջարկվում է դիմակ չդնելու համար նախատեսված տուգանքների չափը բարձրացնել։

Մասնավորապես նախատեսվում է՝

-արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այն է՝ 20 000 դրամով,

-բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այն է՝ 50 000 դրամով։

Մեկ այլ փոփոխությամբ՝ վերոնշյալ խախտումները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում առաջարկվում է նշանակել տուգանք՝ տվյալ արարքների համար նախատեսված տուգանքների կրկնապատիկի չափով։

Նախագծերի փաթեթի, որի մշակմանը մասնակցել է ոստիկանությունը և արդարադատության նախարարությունը, ընդուման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոններից ամենահաճախ խախտվում է հակահամաճարակային կանխարգելիչ նշանակություն ունեցող անհատական պաշտպանության միջոցների` դիմակների կրումը հանրային բաց տարածքներում, ինչպես նաև բնակելի տարածքներից դուրս փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում, աշխատավայրում: Ուստիև՝ անհրաժեշտ է հատուկ նորմով սահմանել կոնկրետ պահանջների խախտումը և դրա համար իրավական հետևանքը:

Հիշեցնենք, նշյալ օրենքը փոխվել էր մոտ 2 ամիս առաջ․ խորհրդարանականները մայիսի 19-ին քննարկեցին ու ընդունեցին կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ դիմակի կրման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը նախկին 100-250 հազարի փոխարեն՝ սահմանվեց 10 000 դրամ։

Նշենք՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման հիմքով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բոլոր բաց տարածքներում նախկին՝ դիմակի առկայության պահանջի փոխարեն՝ հունիսի 4-ից պարտադիր է նաև դրա կրումը, այնպես, որ այն ամբողջությամբ փակի քիթը և բերանը: Հունիսի 17-ից քաղաքացիները բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս պետք է ոչ միայն կրեն դիմակներ, այլև՝ պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ հնարավոր խախտման պարագայում վարչական վարույթ սկսելու գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։

Կառավարությունը դիտարկում է հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ժամկետը ևս 1 ամսով երկարաձգելու հարցը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть