100-250 հազարի փոխարեն 10 հազար դրամ. բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտողների նկատմամբ սահմանված պատժաչափը մեղմացվում է - RadioVan.fm

Онлайн

100-250 հազարի փոխարեն 10 հազար դրամ. բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտողների նկատմամբ սահմանված պատժաչափը մեղմացվում է

2020-05-19 14:45 , Общество, 1569

100-250 հազարի փոխարեն 10 հազար դրամ. բաց տարածքներում դիմակի առկայության պահանջը խախտողների նկատմամբ սահմանված պատժաչափը մեղմացվում է

ՀՀ կառավարությունն արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտելու համար համաչափ տուգանք կիրառելու նպատակով այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը:

Ըստ այդմ՝ առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափոփ՝ այն է՝ 10 հազար դրամով, ներկայից 100-250 հազար դրամի փոխարեն:

«Ներկա դրությամբ համաճարակի կանխարգելման և դրա հետևանքները նվազագույնի հասցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում սահմանել ազատ տեղաշարժման պայմաններ և պահանջներ, որոնք չպահպանելը պետք է առաջացնի վարչական պատասխանատվություն, քանի որ հիվանդ և վարակի տարածման վտանգ կրող, մասնավորապես, վարակի գաղտնի կամ ինկուբացիոն շրջանում գտնվող անձանց կողմից հաճախ չի ապահովում սահմանված պահանջների կատարումը, որի արդյունքում հնարավոր չի լինում ապահովել վարակի հետագա տարածումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով»: Ինչպես բխում է առկա կարգավորումից ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար ևս տուգանքը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով է, ինչը չի բխում համաչափության սկզբունքից»,-նշվում է նախագծում, որում, միաժամանակ, շեշտվում է, որ առաջարկվող պատասխանատվության միջոցը համաչափ է խախտմանը և կարող է պանդեմիայի տարածման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ իրավական հիմք ստեղծել:

«Այսինքն՝ այժմ առաջարկում ենք, որ արտակարգ դրության ընթացքում սահմանված սահմանափակումները խախտելու դեպքում մարդուն տուգանեն ոչ թե 100-250 հազար դրամով, այլ՝ 10 հազար դրամով։ Խոսքը վերաբերվում է պարետի որոշմամբ սահմանված դիմակների պահանջին բաց տարածքներում: Պարետի մայիսի 14-ի համար 74 որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն, սա կոնկրետ վերաբերվում է այդ պահանջին»,-հստակեցրել է նախագիծն օրենսդիրներին ներկայացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը՝ պարզաբանելով, որ փակ տարածքներում դիմակ չկրելու համար ևս նախատեսված է վարչական տուգանք, այն 100-300 հազար դրամի չափով է, այդ դեպքում պատասխանատվության է ենթարկվում տնտեսվարող սուբյեկտը։

Ներկայացված նախագիծը 92 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ մայիսի 14-ի Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության երկարաձգման հարցի քննարկման ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնելով, որ մայիսի 25-ից հանրային բաց և փակ վայրերում դիմակի կրումը պարտադիր է լինելու, նշել էր, որ չկրելու համար տուգանքի նվազագույն շեմը 100 հազար դրամ է:

Лента

Рекомендуем посмотреть