Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը անվճար կդառնա - RadioVan.fm

Онлайн

Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը անվճար կդառնա

2020-05-23 20:17 , Образование, 2152

Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը անվճար կդառնա

Նոր ուսումնական տարում՝ սեպտեմբերի 1-ից, Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար: Այդ մասին հայտարարել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ «Վերջին զանգի» առթիվ շրջանավարտներին հղած ուղերձում:

Արայիկ Հարությունյանի՝ շրջանավարտներին հղած շնորհավորական ուղերձում մասնավորապես, ասված է.

«Սիրելի ՛ շրջանավարտներ

Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:

Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը:

Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:

Սիրելի՛ շրջանավարտներ

«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ և ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»:

Հիշեցնենք՝ Արցախի առաջատար քաղաքական ուժի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, մինչ նախագահական ընտրությունները, այլ խոստումներ ևս տվել է: Նա հայտարարել է, որ Արցախի նախագահ ընտրվելու դեպքում կվերանայի ամուսնությունների խրախուսման քաղաքականությունը՝ նորապսակներին նախկին՝ 300 հազար դրամի փոխարեն 1 մլն դրամ տրամադրելով։ Խոստացել է հիմնել սոսիների պուրակ, որտեղ անվանական ծառեր կտնկվեն՝ ի հիշատակ արցախյան ազատամարտում և նրա պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների:

Նա առաջարկել է բարերար Լևոն Հայրապետյանին Արցախի հերոսի կոչում շնորհել, իսկ անդարադառնալով Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին՝ վստահեցրել է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից:

Лента

Рекомендуем посмотреть