«Վրաստանը ցավում է երկու հարևանների ու բարեկամների՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած վտանգավոր էսկալացիայի համար»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի մեր բնակչության ապագային»,-գրել է Զուրաբիշվիլին։
Georgia deplores the dangerous escalation between our two neighbours and friends, Armenia and Azerbaidjan . A peaceful Caucasus is the path towards a stronger, developped and more independent region benefitting the future of our populations.
— Salome Zourabichvili (@Zourabichvili_S) September 15, 2022
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
ՊՆ-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ժամը 20-ից կրակը դադարել է բոլոր ուղղություններով, անցնող գիշեր էլ սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, ՊՆ-ի վերջին հաղորդման համաձայն՝ ժամը 11:00-ի դրությամբ ևս։
Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հրադադարի պայմանավորվածություն հաջողվել է ձեռք բերել միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ։
Մինչ այս պահը հաղորդվել է հայկական կողմի 105 զոհի մասին, Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովն էլ հայտարարել է, թե պատրաստակամ է միակողմանիորեն Հայաստանին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները։