«Ռազմի դաշտում Ադրբեջանը էական հաջողության չի հասել. մեր բանակի շնորհիվ հնարավոր է եղել թույլ չտալ ավելի մեծ պլանի իրագործումը, որը եղել է սեղանին։ Եվ քանի որ այդ դաշտում չի ստացվել հաջողել, նրանք սկսել են գործընթացներ հենց ՀՀ ներսում»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նաև հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ է հաջողվել ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
«Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել հրադադարը»,-ասել է նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնել էր, որսեպտեմբերի 14-ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,-ընդգծել էին պաշտպանական գերատեսչությունից։