Բաքուն պատրաստ է Հայաստանին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները․ այսօր հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։
«Ադրբեջանի Հանրապետությունը, ցուցաբերելով հավատարմություն միջազգային մարդասիրական իրավունքին և հումանիստական արժեքներին, կոչ է անում Հայաստանին դադարեցնել կրակը և պատրաստակամություն է հայտնում միակողմանիորեն հանձնելու շուրջ 100 հայ զինծառայողների դիերը, որոնք զոհվել են սեպտեմբերի 12-13-ին»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշված է գերատեսչության հայտարարությունում։ Միաժամանակ ընդգծվել է, որ այս առնչությամբ տեղյակ է պահվել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ մասնավորապես հրետակոծելով Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը,հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։
ՀՀ պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությամբ տեղեկացվել է, որ ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծին կրկին ծայրահեղ լարվել է, 13։00-ից սկսած՝ Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ:
Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է․ քիչ առաջ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։