«Հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը, այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը»․ ԱԱԾ-ն նախազգուշացնում է - RadioVan.fm

Онлайн

«Հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը, այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը»․ ԱԱԾ-ն նախազգուշացնում է

2022-05-04 15:42 , Политика, 1113

«Հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը, այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը»․ ԱԱԾ-ն նախազգուշացնում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) հայտնում են, որ հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը:

«Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները:

Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 12-ին հայտարարեցին, որ բոյկոտում են քառօրյայի նիստերը, մեկնում են Արցախ։ Նրանք նշել էին, որ կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, վտանգված է Արցախը, ու որ՝ «խաղաղության պայմանագրի» շրջանակներում հայ ժողովրդին պատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման։

Ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ թեև խոչընդոտվել էր, այդուամենայնիվ, վերջիններս առ այսօր չեն վերադարձել խորհրդարան ու հայտարարել են «Դիմադրության» շարժմամբ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով փողոցային պայքարի մասին։ Ապրիլի 25-ից «Զարթնի՛ր, Լաո» կարգախոսի ներքո շարժման համակիրները խաղաղ անհնազանդության ակցիաներ են անում, փողոցներ ու մայրուղիներ փակում, արդեն 4-րդ օրն է՝ փակ են պահում Երևանի Ֆրանսիայի հրապարակը։

Երեկ էլ, ի դեպ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը հայտնել է, թե բազմաթիվ քաղաքացիներ դիմում-պահանջագիր են փոխանցել իրենց, ու որ՝ 5 կետից կազմված պահանջագրով «խիստ անհանգստություն են հայտնել նոր «հոկտեմբերի 27»-ի կրկնության հրահրման հետ կապված»։ Իշխանական պատգամավորն ընդգծել է, որ իրենց դիմած քաղաքացիները խնդրել են են գնահատական տալ ստեղծված իրավիճակին։

Лента

Рекомендуем посмотреть