Այսօր՝ ապրիլի 25-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Մոսկվայի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևին։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային, Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների հիման վրա երկու երկրների միջև խաղաղ համաձայնագրի նախապատրաստմանը վերաբերող հարցեր»,-Ալիև-Խովաև հանդիպման մանրամասներն են փոխանցում ադրբեջանական լրատվամիջոցները։
Միաժամանակ նշվում է, որ Ալիևը Խովաևին ասել է, որ արդեն իսկ նշանակել են խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններին երկիրը ներկայացնող պատվիրակության անդամներին, ինչպես նաև հստակեցրել է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ադրբեջանական կազմը։
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններին»,-շեշտել է Ալիևը։
Հավելենք՝ Հայաստանի արտգործնախարարությունը այսօր հայտնել է, որ կայացել է նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ, կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։