Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։
«Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։
Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր»,-ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ ձևաչափով հանդիպմանը Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, արտաքին գործերի նախարարներին էլ հանձնարարվել է մեկնարկել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Հավելենք՝ ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Շուշիում մեկնարկած «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար»-ում, հայտարարել է, թե Ադրբեջանը պաշտոնապես կհրաժարվի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Երևանը խաղաղության պայմանագիր չստորագրի Բաքվի հետ։