ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) հատուկ ներկայացուցիչ:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ: Ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: Ակնկալում ենք Բաքվում և Երևանում մեր դաշնակիցների և գործընկերների աջակցությունը Խովաևի ջանքերին: Բաց ենք շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զախարովան՝ նշելով, որ, ըստ էության, Խովաևի նոր կարգավիճակը կապված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում Մոսկվայի հետ շփումներից հրաժարվելու Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշման հետ:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ այդ երկրները փետրվարի 24-ից դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։
Մինչդեռ, ըստ Զախարովայի, Հարավային Կովկասում իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։
«Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն վերականգնելու համար անհրաժեշտ են հետագա հետևողական քայլեր, քանի որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դադարեցրել են համագործակցությունը Մինսկի խմբում»,-ասել է Զախարովան՝ շեշտելով, որ այդ պատճառով էլ Խովաևը կաշխատի նոր պաշտոնում։
Մարիա Զախարովան ընդգծել է՝ Ռուսաստանը լի է վճռականությամբ՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և, որ՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների» հաստատման համար Բաքվի առաջարկած բազային սկզբունքները և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը հիմքն են՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի բանակցությունների մեկնարկի։