Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն (ՀՀ ԱԽ) այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն՝ այն գնահատելով խիստ լարված:
ԱԽ-ից նշում են, որ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ:
«Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»,-ասված է ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում: