Լավրովի հետ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինայում 24-ժամյա հրադադարի շուրջ․ Կուլեբա - RadioVan.fm

Онлайн

Լավրովի հետ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինայում 24-ժամյա հրադադարի շուրջ․ Կուլեբա

2022-03-10 17:05 , Мир, 1545

Լավրովի հետ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ Ուկրաինայում 24-ժամյա հրադադարի շուրջ․ Կուլեբա

Անթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որը տեղի է ունեցել միջնորդ կողմի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ներկայությամբ։

1,5 ժամ տևած հանդիպումից հետո Կուլեբան հայտնել է, որ Լավրովի հետ բանակցությունները բարդ էին, կողմերն առայժմ չեն կարողացել հասնել հրադադարի վերաբերյալ որոշման։

«Ուկրաինայում 24-ժամյա զինադադարի հասնելու հարցում առաջընթաց չի գրանցվել։ Սերգեյ Լավրովը հումանիտար միջանցքների վերաբերյալ երաշխիքներ չի տվել և ասել է, որ այդ հարցը կքննարկի համապատասխան կառույցների հետ»,-«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է ուկրաինացի նախարարը՝ բանակցությունների արդյունքի վերաբերյալ առանձին մամլո ասուլիսում։

Ուկրաինացի նախարարի խոսքով՝ ինքը Անթալիա է ժամանել իրավիճակի կարգավորման կոնկրետ որոշումներ կայացնելու նպատակով, իսկ Լավրովը եկել է «միայն լսելու»։

«Մենք չենք կարող դադարեցնել պատերազմը․ եթե մեզ վրա հարձակվող պետությունը դա չի ցանկանում, ապա մենք չենք կարող դադարեցնել պատերազմը»,-ասել է ուկրաինացի դիվանագետը։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ նման հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Պատերազմի 15 օրերի ընթացքում կողմերը, մինչ այսօրվա Անթալիայի հանդիպումը, բանակցությունների նպատակով 3 հանդիպում են ունեցել, որոնց արդյունքներով Ռուսաստանը և Ուկրաինան ըմբռնման են հասել միայն հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում։ Ուկրաինական կողմը վերջին՝ մարտի 7-ի հանդիպումից հետո հայտարարել էր, որ հրադադարի և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները կշարունակվեն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանն իր ելույթում, հույս էր հայտնել, որ Դմիտրի Կուլեբայի և Սերգեյ Լավրովի այսօրվա հանդիպումը «դուռ կբացի» երկարաժամկետ հրադադարի համար։

Лента

Рекомендуем посмотреть