Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպմանն իր ելույթում Ուկրաինայում երկարատև հրադադարի հույս է հայտնել։
«Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջև ճգնաժամը ողբերգության չվերածվի։ Միաժամանակ, պետությունների ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու Անկարայի կուրսը մնում է անփոփոխ։ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտերը դադարեցնելու համար: Թուրքիան Ուկրաինայում երկարաժամկետ հրադադարի հույս ունի: Անկարան հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ երկխոսության ուղիները բաց պահելով Մոսկվայի և Կիևի համար»,-«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը՝ քննադատելով և անբավարար որակելով միջազգային հանրության արձագանքը ռուս-ուկրաինական առճակատմանը:
«Միջազգային կառույցներն, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բավարարվել են հայտարարություններով, դա պարզապես ամոթ է»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինի, հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։
Թուրքիայի նախագահը «ծայրահեղ նշանակալի» է որակել մարտի 10-ին Անթալիայում նախատեսված Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Նա հույս է հայտնել, որ Դմիտրի Կուլեբայի և Սերգեյ Լավրովի վաղվա հանդիպումը «դուռ կբացի» երկարաժամկետ հրադադարի համար։
Նշենք՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Չավուշօղլու-Լավրով-Կուլեբա հանդիպման մասին հայտնել էր Թուրքիայի արտգործնախարարը։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին պաշտոնական Մոսկվան հայտարարել է փետրվարի 24-ի առավոտյան։
Պատերազմի 14 օրերի ընթացքում կողմերը բանակցությունների նպատակով 3 հանդիպում են ունեցել, վերջինը՝ մարտի 7-ին։ Ռուսաստանը և Ուկրաինան ըմբռնման են հասել միայն հումանիտար միջանցքների համատեղ ապահովման հարցում։ Ուկրաինական կողմը վերջին հանդիպումից հետո հայտարարել է, որ հրադադարի և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումները կշարունակվեն։ Նոր հանդիպման օրվա մասին դեռ հայտնի չէ։
ՌԴ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության խնդիրները չեն ներառում ո՛չ Ուկրաինայի օկուպացիան, ո՛չ նրա պետականության ոչնչացումը, ո՛չ ներկայիս իշխանության տապալումը, նպատակը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին սպառնացող ռազմական սպառնալիքի վերացումը։