ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, անդրադառնալով ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածից ադրբեջանական զինուժի ծառայողների կողմից ինժեներական աշխատանքներ կատարելիս 6 հայ զինծառայողի «գերեվարման» փաստին, հայտարարել է, որ հակառակորդը 2 նպատակ ունի։
«Ուզում եմ ընդգծել նաև հետևյալը՝ պետք է հակառակորդի 2 նպատակներն արձանագրել և կառավարել այդ նպատակները: Նպատակներից մեկը, արդեն ասացի, այն է, որ տարբերակ կա իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան: Երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ. հրահրել ռազմական բախում՝ իրադարձությունն ամբողջությամբ և իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս 2 նպատակներից որևէ մեկին տուրք չպետք է տանք: Առաջինը՝ հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերն անվերապահորեն պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Եւ երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պետք է իրականացնենք առավել շրջահայացորեն:
Կրկնում եմ՝ Զինված ուժերը պետք է շարունակեն կատարել Հայաստանի սահմանների պահպանության և ամրության, տարածքային ամբողջականությունը պահպանելու Հայաստանի Հանրապետության իրենց գործառույթները: Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում՝ ներվային և չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքներն այստեղ ամենևին տեղին չեն»,-մասնավորապես ասել է Փաշինյանը։
Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝ ասօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) զինծառայողները շրջափակել և գերեվարել են ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող 6 հայ պայմանագրային զինծառայողի։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ տարածած հայտարարությամբ շեշտել է, որԱդրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն։