«Դա, ըստ էության, գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Դա, ըստ էության, գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»․ Փաշինյան

2021-05-27 11:21 , Политика, 1134

«Դա, ըստ էության, գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»․ Փաշինյան

«Մի բան հստակ է, որ դա, ըստ էության, գերեվարում չէ, և տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում Հայաստանի Հանրապետության տարածքից»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) զինծառայողների կողմից այսօր առավոտյան Գեղարքունիքի սահմանային հատվածից 6 հայ պայմանագրային զինծառայողի գերեվարելու փաստին:

«Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, անշուշտ, որ այսօր առավոտյան միջադեպ ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, և ես կարևոր եմ համարում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել. Հայաստանի զինված ուժերի 6 զինծառայողներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականցնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ: Ի՞նչ նկատի ունենք՝ պետական սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականցվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն՝ դրանք իրականացվել են ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Իհարկե, հետագայում արդեն եղել է այն տեղեկատվությունը, որը մեր զինվորները գերեվարվել են: Գերեվարման հանգամանքները, իհարկե, դեռ պիտի պարզվեն, բայց մի բան հստակ է, որ դա, ըստ էության, գերեվարում չէ, և տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում Հայաստանի Հանրապետության տարածքից:

Դուք տեղյակ եք, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ, և հարցը հենց այս համատեքստում է: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար, այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող:

Էլի եմ ասում՝ դեպքի առավել մանրամասն հանգամանքները կպարզվեն, բայց պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում, և 6 զինծառայողներն ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը, ըստ էության, շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման տեսակետից:

Շատ կարևոր եմ համարում այս դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցն ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով: Սա կարևոր եմ համարում, ընդ որում, կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և Զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողները, զինվորները, բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը:

Նաև միանշանակ է, արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերն արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանությանն սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Եվ սա այն պարագան է, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները, իրադրությունը շտկելու և կարգավորելու համար: Եվ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռանարկելու ենք:

Այստեղ շատ կարևոր է նաև, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցած դեպքի մանրամասների և համատեքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, այդ թվում՝ հայկական լրատվական տիրույթում:

Եվ ես կարծում եմ, որ մեր հանրությունը, այո, այսօր առավել ևս պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր զինված ուժերի շուրջ, պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի մենք այս իրադրությունը հետևողական և հանգիստ հաղթահարենք»,-նախքան օրակարգի քննարկումն ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ասօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները շրջափակել և գերեվարել են ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող 6 հայ պայմանագրային զինծառայողի։

Лента

Рекомендуем посмотреть