ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարվել, որում ասված է.
«Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։
Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։
Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից»։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) և 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող և անվավեր։
Նշենք՝ հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
«2018 թվականի սեպտեմբերից մեր փաստաբանական թիմը, հենց անձամբ Ռոբերտ Քոչարյանը նշում էին 300.1-րդ հոդվածի ոչ որոշակի լինելու մասին։ Իհարկե, ափսոս, որ այս ամենը պետք է արձանագրվեր միայն 2021 թվականին։ Բայց այսօր արձանագրվեց և բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա։ Սա նշանակում է, որ 300.1-րդ հոդվածով ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այս քրեական հետապնդումը 300.1-րդ հոդվածով դադարեցվելու է»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ ցավում է, որ այս ամենը տևեց 3 տարի, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց։
Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից։ Որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում։
Փաստաբանի խոսքով՝ այսօրվանից ի վեր 300.1-րդ Քրեական օրենսգրքում չկա, և Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։