Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց - RadioVan.fm

Онлайн

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց

2018-07-26 21:03 , Право, 3253

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»,-այդ մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Միաժամանակ հաղորդվում է, որ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կեսօրին «Մարտի 1»-ի գործով ներկայացել էր Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության` որպես վկա:

Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց նախագահի պաշտոնը լիազորվեց Սերժ Սարգսյանին, արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:

2018-ի ապրիլ-մայիսին հայաստանյան «թավշյա հեղափոխություն»-ից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործը բացահայտելու քաղաքական կամքի մասին։

Դրան հետևեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ «Մարտի 1»-ի գործով հուլիսի 3-ին հրապարակած նոր բացահայտումները, ըստ որի իրազեկվեց, որ ծառայությունը նախաքննությամբ պարզել է, որ ԶՈւ ստորաբաժանումները, որոնք Սահմանադրությամբ պարտավորված են քաղաքական հարցերում չեզոքություն պահպանել, 2008 թվականի մարտի 1-2-ին, ոստիկանության հետ համատեղ, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ: Սահմանադրության պահանջը շրջանցելու, զինված ուժերը քաղաքական հարցերում օգտագործելու մեջ որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ նախկին ՊՆ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ կալանավորելու որոշմամբ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть