ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, ով երեկ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել որպես վկա, մեղադրանք է առաջադրվել։
«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»,-հայտնում են ՀՀ քննչական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ քնիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նշենք Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, իսկ մարտի 1-ից հետո՝ 2008թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։
Նշենք՝ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Նրան ևս, հիշեցնենք, «Մարտի 1»-ի գործի շրջանակում Հատուկ քննչական ծառայությունում նախօրեին վկայի կարգավիճակով հարցաքննությունից հետո մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատական նիստը գիշերը հետաձգվել էր մինչև այսօր ժամը 11-ը:
Հիշեցնենք՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, ըստ որոնց նախագահի պաշտոնը լիազորվեց Սերժ Սարգսյանին, արժանահավատ չհամարելով՝ բնակչության մի ստվար հատված, Հայ Ազգային Կոնգրեսի գլխավորությամբ, դուրս եկավ փողոց: Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվեցին Հայաստանի 10 քաղաքացիներ, 100-ավոր մարդիկ հրազենային և այլ բնույթի վիրավորում ստացան:
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները մինչ օրս պարզված չեն:
2018-ի ապրիլ-մայիսին հայաստանյան «թավշյա հեղափոխություն»-ից հետո Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործը բացահայտելու քաղաքական կամքի մասին։
Դրան հետևեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ «Մարտի 1»-ի գործով հուլիսի 3-ին հրապարակած նոր բացահայտումները, ըստ որի իրազեկվեց, որ ծառայությունը նախաքննությամբ պարզել է, որ ԶՈւ ստորաբաժանումները, որոնք Սահմանադրությամբ պարտավորված են քաղաքական հարցերում չեզոքություն պահպանել, 2008 թվականի մարտի 1-2-ին, ոստիկանության հետ համատեղ, Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու ուղղությամբ: Սահմանադրության պահանջը շրջանցելու, զինված ուժերը քաղաքական հարցերում օգտագործելու մեջ որպես մեղադրյալ ներգրավվել է ՀՀ նախկին ՊՆ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ կալանավորելու որոշմամբ։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը