ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկել ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը - RadioVan.fm

Онлайн

ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկել ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը

2020-09-10 16:06 , Политика, 1055

ԵԱՏՄ գործընկերները պատրաստ են քննարկել ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը

ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների սահմանման հարցը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ.

այսօրվա Կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը:

ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման և հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել:

Սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,-գրել է վարչապետի խոսնակը։

Հիշեցնենք՝ վերջին օրերին պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում ամիսներ առաջ Հայաստան եկած ու կորոնավիրուսի հետևանքով՝ սահմանների փակ լինելով պայմանավորված, Հայաստանում ակամա մնացած Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տասնյակ քաղաքացիներ։ Նրանք պնդում են՝ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, քանի որ այստեղ ապրելու պայմաններ չունեն, սակայն կորոնավիրուսի պատճառով երկրում ձգձգվող արտակարգ դրությունը խոչընդոտում է։

Սեպտեմբերի 4-ին օրենսդիրներին արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը նեկայացնելիս անդրադառնալով սահմանների հարցին՝ ՀՀ արդարադատության (ԱՆ) փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ կառավարությունը բանակցում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ուղղությամբ, իսկ համաճարակային իրադրությամբ պայմանավորված մեր քաղաքացիների՝ առանձին երկրներ մուտքի արգելքի վերաբերյալ հայտնել էր, որ ելնելով հանգամանքից, որ, բարեբախտաբար, կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը բարելավվում է՝ բանակցություններ են վարվում նաև այդ ուղղությամբ արգելքը վերացնելու հարցում։

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն Հայաստանում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդությունից բուժվողների թիվը 2908 է։ Երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 45 326 դեպք է արձանագրվել, որից 41 233-ը ապաքինված, 906-ը՝ մահվան ելքով, կորոնավիրուսով հիվանդ 279 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть