Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը զուգահեռ՝ խորհրդարանի դարպասների մոտ բողոքի ակցիա են անցկացրել Ռուսաստանի Դաշնություն մեկնել չկարողացող ՀՀ քաղաքացիները։
Նրանք պնդում են՝ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, քանի որ այստեղ ապրելու պայմաններ չունեն, սակայն կորոնավիրուսի պատճառով երկրում ձգձգվող արտակարգ դրությունը խոչընդոտում է։
Քաղաքացիների հետ հանդիպել է նշյալ նախագծին դեմ քվեարկած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու նշել՝ հայկական կողմից սահմանները բացելու մասին այս պահին խոսակցություն չկա։
«Հիմա արտակարգ դրությունը երբ հանվի, Հայաստանում, ըստ նոր քննարկվող օրենքի, պետք է հայտարարվի կարանտին, մեր մտավախությունն այն է, որ հնարավոր է՝ այս կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ ու անհասկանալի, և սահմանները շարունակաբար չբացվեն»,-ասել է նա։
Մինչդեռ, նշենք, այսօր օրենսդիրներին արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը նեկայացնելիս անդրադառնալով սահմանների հարցին՝ ՀՀ արդարադատության (ԱՆ) փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարել է, որ կառավարությունը բանակցում է կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնելու ուղղությամբ։ Իսկ ինչ վերաբերվում է համաճարակային իրադրությամբ պայմանավորված մեր քաղաքացիների՝ առանձին երկրներ մուտքի արգելքին, ապա, նախարարի խոսքով, ելնելով հանգամանքից, որ բարեբախտաբար իրավիճակը բարելավվում է՝ բանակցություններ են վարվում նաև այդ ուղղությամբ արգելքը վերացնելու հարցում։
Ազգային ժողովի արտահերթ նիստի մանրամասները՝ տեսանյութում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը