«Մարդիկ ավելի շատ այս սթրեսից, այս վիճակից կմահանան, քան կորոնավիրուսից»․ ՌԴ քաղաքացիները վարչապետից պահանջում են վերադարձի ելքեր գտնել - RadioVan.fm

Онлайн

«Մարդիկ ավելի շատ այս սթրեսից, այս վիճակից կմահանան, քան կորոնավիրուսից»․ ՌԴ քաղաքացիները վարչապետից պահանջում են վերադարձի ելքեր գտնել

2020-08-06 11:16 , Общество, 1223

«Մարդիկ ավելի շատ այս սթրեսից, այս վիճակից կմահանան, քան կորոնավիրուսից»․ ՌԴ քաղաքացիները վարչապետից պահանջում են վերադարձի ելքեր գտնել

Ամիսներ առաջ Հայաստան եկած եկած ու կորոնավիրուսի հետևանքով՝ սահմանների փակ լինելով պայմանավորված, Հայաստանում ակամա մնացած Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տասնյակ քաղաքացիներ այսօր կառավարության շենքի առջև էին։

Իրենց երեխաներին, աշխատանքը Ռուսաստանում թողած քաղաքացիները ՀՀ կառավարությունից խնդրում են չերկարաձգել արտակարգ դրությունը և բացել սահմանները, թույլ տալ դուրս գալ երկրից։

«Ամբողջ աշխարհում է այդ հիվանդությունը, ի՞նչ անենք, բոլորս փակվենք մեռնե՞նք։ Մարդիկ ավելի շատ այս սթրեսից, այս վիճակից կմահանան, քան կորոնավիրուսից»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց Քրիստինեն։

Մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ կենսաթոշակային հարցերով փետրվարից ամուսնուն, երեխաներին ու թոռներին թողել, եկել է Հայաստան ու գնալ չի կարողանում։

«Քրոջս տուն, էն ախպորս տուն, ինչքան կարամ․․․»,-նշեց նա։

Քաղաքացիների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ քաղաքացիների 4 հոգանոց խմբին ընդունել է կառավարության ներկայացուցիչ Հայկ Շահբազյանը, լսել նրանց խնդիրը, խոստացել հարցը քննարկել ու լուծումներ գտնել։

«Ասեց գուցե 3 կամ 4 թռիչք կփորձեն կազմակերպել, որ, գոնե, Ռուսաստանում անչափահաս բալիկներ ունեցողների վերադարձը ապահովեն»,-«Ռադիո Վան»-ին փոխանցեց ակցիայի մասնակիցներից Սաթենիկը։

Հիշեցնենք` Ռուսաստանը մարտի 27-ից կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է այլ երկրների հետ պարբերական և չարտերային ավիահաղորդակցությունը։ Օգոստոսի 1-ից այդ երկիրը ավիահաղորդակցությունը վերսկսել է երեք երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի (Անկարա և Ստամբուլ) և Տանզանիայի հետ:

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունն էլ այսօր հայտնել է, որ մինչև օգոստոսի 31-ը կերկարաձգի ավելի քան 80 արտասահմանյան քաղաք ծրագրված չվերթների չեղարկումը՝ այդ քաղաքներում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակից ելնելով։ Նշվում է, որ ցուցակում ավելի քան 90 քաղաք է ներառված, որոնց հետ Ռուսաստանը դեռևս ավիահաղորդակցությունը չի վերականգնել։ Մասնավորապես, չեղարկվել են չվերթները դեպի Երևան, Ակտաու, Ալմաթի, Ամստերդամ, Աթենք, Բաքու, Բանգկոկ, Բարսելոնա, Բեյրութ, Բեռլին, Վարշավա, Վաշինգտոն, Վիեննա, Վենետիկ, Դյուսելդորֆ, այլ եվրոպական և ասիական քաղաքներ։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть