«Հրեղեն ազգը՝ դարերով շարունակ պահպանված, իրենց նորամուծություններով պղծում են»․ պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը - RadioVan.fm

Онлайн

«Հրեղեն ազգը՝ դարերով շարունակ պահպանված, իրենց նորամուծություններով պղծում են»․ պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը  

2020-09-07 17:44 , Политика, 1051

«Հրեղեն ազգը՝ դարերով շարունակ պահպանված, իրենց նորամուծություններով պղծում են»․ պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

«Արայիկ հեռացի՛ր», «Հայրենիքդ ուրացար, Արայի՛կ», «Կրոնդ ուրացար, Արայի՛կ, հեռացի՛ր»․ այս վանկարկումներով այսօր երեկոյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները՝ ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կազմակերպմամբ, հավաքվել էին նախարարության շենքի առջև։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ «Լանզարոտեի» կոնվենցիայի վավերացումը, Հանրակրթության պետական չափորոշիչների նախագծով առաջարկվող առարկայացանկի ձևավորման սկզբունքները քանդում են հայ ժողովրդի ավանդական ընտանեկան արժեքները։

Ակցիայի կազմակերպիչները նաև հատվածներ ընթերցեցին առաջարկվող դասագրքերից։

«Մեզ կանգնացրել են փաստի առաջ, մեր տներն են մտցնում անբարոյականությունը, հրեղեն ազգը՝ դարերով շարունակ պահպանված, իրենց նորամուծություններով պղծում են։ Արայիկ Հարությունյանը ինչքան շուտ հրաժարական տա, այնքան շուտ կփրկի իշխանություններին հաջորդ զարգացումներից»,- «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը՝ նշելով, որ իրավիճակը հնարավոր է փոխել այն հրաշալի մասնագետներին լսելով, որոնք տարիներ շարունակ կրթել են և սոված-ծարավ լույս չեղած տարիներին պահել դպրոցները, մշակել կրթության հայեցակարգ։

«Երկիրը նման է մի կապիկի, որի ձեռքը տված է նռնակը։ Չենք թողնի մեր տեսակը պղծեն, ձեր թոռներին եթե սիրում եք, եկեք, մասնակցեք։ Որևէ մեկի քաղաքական շահը չենք սպասարկում»,-ընդգծեց նախկին պատգամավորը։

Ակցիայի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կամ, ինչպես հայտնի է, «Լանզարոտեի» կոնվենցիան, որը շատերի համար մտահոգության առիթ էր հանդիսացել։ Նշվում էր, որ այդ կոնվենցիայի ընդունմամբ՝ տարրական դասարանների երեխաներին սեռական կրթություն են տալու։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ շրջանառության մեջ է դրել Հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը։ Առարկայական նոր չափորոշիշների համաձայն, որոնք նախատեսվում է ներդնել 2022-23 ուստարում, ի թիվս առարկայացանկի ձևավորման սկզբունքների մի շարք փոփոխությունների՝ առաջարկվում է նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որպես առանձին դասավանդվող առարկա, չներառել դասաժամերում։ Դժգոհություններ են հնչել ինչպես այդ, այնպես էլ՝ «Գրականություն» առարկային առնչվող փոփոխությունների վերաբերյալ․ ժամանակակից հայ գրողների գործերի ընդգրկումը դպրոցական ծրագրերում, ինչպես նաև դասականներից որոշների դուրս մղումը դրանից քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել։

Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի առիթով իր տեսակետն է ներկայացրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть