Հայ պատմագիտությունն իրավունք չունի իջնելու այս մակարդակին. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) նախարարության կողմից Հայոց պատմության դասագրքերի չափորոշիչների վերաբերյալ ծագած բանավեճի առիթով Ilur.am-ում իր տեսակետն է ներկայացրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա նշել է, թե բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։
«Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի և Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով մենք, ըստ էության, հավասարվում ենք թուրքական և ադրբեջանական պատմագիտություններին։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։ Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա (ներողություն օտար բառ օգտագործելու համար) հնարավոր չէ պատկերացնել։
Չեմ ուզում ավելի խիստ բառեր օգտագործել, բայց սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ամենևին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդի՝ հազվագյուտ ազգերից մեկի համար, որ պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ և այսօր էլ պետություն ունի»,-նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք՝ այս օրերին ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել Հանրակրթության պետական չափորոշիչների նախագիծը։ Առարկայական նոր չափորոշիշների համաձայն, որոնք նախատեսվում է ներդնել 2022-23 ուստարում, ի թիվս առարկայացանկի ձևավորման սկզբունքների մի շարք փոփոխությունների՝ առաջարկվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որպես առանձին դասավանդվող առարկա, չներառել դասաժամերում։ Դժգոհություններ են հնչել ինչպես այդ, այնպես էլ՝ «Գրականություն» առարկային առնչվող փոփոխությունների վերաբերյալ․ ժամանակակից հայ գրողների գործերի ընդգրկումը դպրոցական ծրագրերում, ինչպես նաև դասականներից որոշների դուրս մղումը դրանից քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել։
Օրեր առաջ էլ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների վերաբերյալ մտահոգությունն է հնչեցրել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Պատմության ինստիտուտը՝ տեղեկացնելով, որ դիմելու է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ դրանց մշակման գործընթացն ուսումնասիրելու նպատակով:
Նշվել է, որ այդ առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, ներկայիս երկու պատգամավորի հետ միասին, 2017-2019 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել է «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որում միասնական չափորոշիչներ են մշակված, որոնցով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում՝ պատմության գրքեր կազմելիս։
«Փորձ է արվում կյանքի կոչել Թուրքիայի նախագահ Էրդողանի բազմիցս հնչեցրած՝ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման գաղափարը, որն իբր թե պետք է զբաղվի պատմական, այսպես կոչված վիճելի խնդիրների, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության հարցի քննարկումով` այդպես ըստ էության կասկածի տակ դնելով հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնի ու հայրենազրկման իրողությունները»,-ընդգծել են Պատմության ինստիտուտից:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը