«Եթե ինչ-որ մեկը մանկահասակ իմ երեխային դպրոցում «սովորեցնի», որ մարդն ունի սեռական կողմնորոշում, գենդեր և գենդերային ինքնություն, որ գոյություն ունեն սեռական բռնարարներ, սեռազգայական հպումներ, որ հղիությունը կարող է լինել անցանկալի ու կան դրանից ազատման «ապահով» եղանակներ ու էլի մի շարք նման էշություններ, ես ԿՀԱՆԵՄ իմ երեխային դպրոցից ու այլևս նրան այդ դպրոց չեմ տանի, որևէ դպրոց չեմ տանի, եթե դա պարտադիր լինի բոլոր դպրոցների համար»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծի ընդունմանը:
Մասնագետը շեշում է, որ եթե դրա համար իրեն պետք է դատեն, զրկեն ծնողական իրավունքից, ազատազրկեն, ապա պատրաստ է դրան։
«Կգնամ ու բանտում կապրեմ։
Հ.Գ. Ինձ ճանաչողները գիտեն, որ կանեմ, ինչ ասել եմ»,-եզրափակել է գրառումը բժիշկ-սեքսոլոգը:
Նշենք՝ վերոնշյալ նախագծի վավերացման շուրջ իր մտահոգությունն է հայտնել նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, մասնավորապես, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է, որ «Կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիակարության շահերը»։ Մինչդեռ, իշխանական«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ այդ «Կոնվենցիան մանկապղծության դեմ համաձայնագիր է»:
Նշենք՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմամբ, որը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 2010 թվականի սեպտեմբերի 29-ին,Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձևերը կանխարգելելու և երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ ոլորտի մասնագետների պատրաստում և վերապատրաստում, դրան զուգահեռ՝ լայնածավալ տեղեկատվական քարոզարշավների կազմակերպում, մասնագիտացված և համակարգող մարմինների ստեղծում/զարգացում. սեռական շահագործման և սեռական բնույթի բռնություններից տուժած երեխաների ուղղորդման մեխանիզմի մշակում և ներդնում, բազմամասնագիտական փոխգործակցության ապահովում, երեխայի պաշտպանության համակարգի զարգացում, զոհերի աջակցություն և պաշտպանություն, այդ թվում՝ նրանց հանցագործից մեկուսացնելու, հարազատներին աջակցելու, դեպքերին արագ արձագանքելու և դեպքերն արդյունավետ վարելու միջոցով:
Երեխայի ուսուցմանը վերաբերող Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանվում է՝
Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների: Նման տեղեկատվությունը, որ անհրաժեշտության դեպքում նաև ծնողների հետ համագործակցելով, պետք է տրամադրվի սեռական դաստիարակության առավել ընդհանուր համատեքստում և հարկավոր է առանձին ուշադրություն հատկացնել վտանգավոր իրավիճակների վրա, մասնավորապես՝ կապված տեղեկատվական և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ: