«Այս կոնվենցիան մանկապղծության դեմ համաձայնագիր է». ԱԺ-ն վավերացրել է երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու վերաբերյալ միջազգային կոնվենցիան - RadioVan.fm

Онлайн

«Այս կոնվենցիան մանկապղծության դեմ համաձայնագիր է». ԱԺ-ն վավերացրել է երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու վերաբերյալ միջազգային կոնվենցիան

2020-05-11 16:27 , Политика, 1847

«Այս կոնվենցիան մանկապղծության դեմ համաձայնագիր է». ԱԺ-ն վավերացրել է երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու վերաբերյալ միջազգային կոնվենցիան

Այսօր Ազգային ժողովը վավերացրել է ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կամ, ինչպես հայտնի է, «Լանզարոտեի» կոնվենցիան։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է, որ դեմ են քվեարկում նախագծին, քանի որ այնտեղ մտահոգիչ կետեր են տեսնում։

«Մենք որևէ մեկին նպատակ չունենալով մեղադրել որևէ բանի մեջ՝ վերահաստատում ենք մեր մտավախությունը, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիակարության շահերը։ Հենց նոր Ազգային ժողով մտնելուց առաջ մուտքի առաջ քաղաքացիական ակցիա էր, երեկ էլ Հայ առաքելական եկեղեցու կողմից բազմաթիվ ահազանգեր եղան, որոնք ի մի բերելով՝ հասկանում ենք, որ վտանգ է պարունակում, մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան չի բխում ՀՀ-ում երեխայի լավագույն շահերից»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը:

Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքելով պատգամավորին՝ նշել է, թե պարոն Պետրոսյանի խոսքերից տպավորություն էր, որ ԲՀԿ-ն ի սկզբանե դեմ է եղել, մինչդեռ, հանձնաժողովում քննարկմանը «Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկել։

«Ցավում եմ, եթե առանձին մարդիկ առավոտյան կարողացել են ազդել ձեր դիրքորոշման վրա, այս կոնվենցիան մանկապղծության դեմ համաձայնագիր է, կանխելու է մանկապղծությունը Հայաստանում»,-ընդգծել է իշխանական խմբակցության ղեկավարը:

Նշենք՝ նշյալ կոնվենցիան վավերացնելու հարցը քննարկվել է ապրիլի 27-ին գումարված Ազգայի ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այդ օրը պատգամավորները քննարկել և դրական եզրակացություն են տվել հարցին:

Ինչևէ, չնայած ընդդիմադիրների մտահոգություններին, նախագիծն ընդունվել է 79 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով 2019-ի նոյեմբերին դիմել էր Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանն, ահա, 2020-ի մարտի 31-ին հրապարակված որոշմամբ եզրակացրել է, որ ամրագրված պարտավորությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը:

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, ուժի մեջ մտել՝ 2010 թվականի հուլիսի 1-ից։ Կոնվենցիան ստորագրվել է 47 պետության կողմից, ուժի մեջ է մտել 44 պետությունում։

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Կոնվենցիան 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։ Կոնվենցիայի նպատակն է կանխարգելելերեխայի նկատմամբ սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունները, պաշտպանել զոհերի իրավունքները և ապահովել այդ բնագավառում ազգային և միջազգային համագործակցությունը:

Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձևերը կանխարգելելու և երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ ոլորտի մասնագետների պատրաստում և վերապատրաստում, դրան զուգահեռ՝ լայնածավալ տեղեկատվական քարոզարշավների կազմակերպում, մասնագիտացված և համակարգող մարմինների ստեղծում/զարգացում. սեռական շահագործման և սեռական բնույթի բռնություններից տուժած երեխաների ուղղորդման մեխանիզմի մշակում և ներդնում, բազմամասնագիտական փոխգործակցության ապահովում, երեխայի պաշտպանության համակարգի զարգացում, զոհերի աջակցություն և պաշտպանություն, այդ թվում՝ նրանց հանցագործից մեկուսացնելու, հարազատներին աջակցելու, դեպքերին արագ արձագանքելու և դեպքերն արդյունավետ վարելու միջոցով:

Лента

Рекомендуем посмотреть