Հայաստանում այսուհետ թույլատրվում է բողոքի ակցիայի և հավաքների անցկացումը՝ դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահելու պայմանով։
Այդ մասին այսօր Ազգային ժողովում հրավիրված հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հատուկ շեշտելով, որ որևէ քանակային կամ ժամային սահմանափակումներ այս առումով նախատեսված չեն։
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 15-ից առկա ուսուցմամբ դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, միջին մասնագիտական հաստատություններում, արվեստի դպրոցներում՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ։ Բուհերի առնչությամբ որոշումը կհրապարակվի հաջորդ շաբաթ։
«Գրադարաններն ու թանգարանները նույնպես բացվում են։ Առաջիկա օրերին կհրապարակվեն ուղեցույցներ, թե ինչ կարգով են գործելու այս հաստատությունները։ Ինչ վերաբերում է թատրններին, ապա այս փուլում դրանց գործունեությունը լինելու է միայն բացօթյա տարբերակով։ Այս փոփոխությունները վերաբերում են նաև անհատ (ռեստորանային) կատարողներին, որոնց հնարավորություն կտրվի բացօթյա հատվածներում գործունեություն ծավալել»,-մանրամասնեց Տիգրան Ավինյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր լրացող արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի մինչև սեպտեմբերի 11-ը՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ։ Հայտնել էինք՝ անձնական մեքենայում դիմակի կրման պահանջի վերացման, ընտանեկան միջոցառումների՝ տարեդարձի, հարսանյաց արարողությունների ու հուղարկավարության մասնակիցների թույլատրելի թիվը 5-ից 40 դարձնելու մասին, օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստան մուտքի արգելքի վերացման մասին։
Հիշեցնենք՝ դեռ հունիսին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը բարձրաձայնել էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջի մասին։
Օրեր առաջ էլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցի շուրջ հրավիրված քննարկմանն ընդգծել էր, որ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները։ Դրանք, նշել էր նա, չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը