Կորոնավիրուսային վարակի նվազմամբ պայմանավորված՝ 200 քաղաքացու բուժած Դիլիջանի բուժկենտրոնը վերադառնում է նախկին աշխատանքային ռեժիմին - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսային վարակի նվազմամբ պայմանավորված՝ 200 քաղաքացու բուժած Դիլիջանի բուժկենտրոնը վերադառնում է նախկին աշխատանքային ռեժիմին

2020-08-04 17:38 , Общество, 1394

Կորոնավիրուսային վարակի նվազմամբ պայմանավորված՝ 200 քաղաքացու բուժած Դիլիջանի բուժկենտրոնը վերադառնում է նախկին աշխատանքային ռեժիմին

Կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով վերապրոֆիլավորված Դիլիջանի բժշկական կենտրոնը կրկին վերադառնում է նախկին աշխատանքային ռեժիմին:

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նվազման հետ կապված Դիլիջանի Բժշկական Կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Հպարտությամբ ենք նշում, որ մենք նույնպես մեր փոքր լուման ենք ներդրել այս վարակի դեմ լարված և անձնվեր պայքարում, որ տարվում է ողջ հանրապետությունում և պատվով ենք կատարել մեր առջև դրված խնդիրները: Հիշեցնենք որ սույն թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 31-ը Դիլիջանի Բժշկական Կենտրոնում բուժում է ստացել Covid-19 դրական մոտ 200 բուժառու: Ուզում ենք խորին շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք ներգրավված են եղել այդ հերոսական աշխատանքում՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետներին, ախտորոշիչ բաժանմունքի աշխատակիցներին, սննդի մատակարարման աշխատողներին, կազմակերպիչներին:

Դիլիջան Բժշկական Կենտրոնում բացված Covid-19 բաժանմունքը օգոստոսի 1-ից այլևս չի գործում: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին:

Այս շաբաթվանից Էրեբունի և Նաիրի բժշկական կենտրոնների մասնագետների այցերը կվերսկսվեն:

Բոլորին մաղթում ենք առողջություն»,-լուրն ավետում են բուժկենտրոնից՝ ֆեյսբուքյան հրապարակմամբ:

Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ հայաստանյան բուժկենտրոններում նոր կորոնավիրուսային հիվանդությունից (Covid-19) բուժվում է 7930 մարդ: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր հաստատվել է վարակի 39 298 դեպք, որից 30 372-ը ապաքինված, 768-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսով հիվանդ 228 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Հուլիսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրելով, որ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից՝ հորդորել էր չթուլացնել զգոնությունը, շարունակել դիմակ կրել։

Лента

Рекомендуем посмотреть