«Մտել ենք կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու փուլ»,-ժամ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով երկրում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից:
«Սա շատ կարևոր նորություն է, և հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև, աշնանը՝ համաշխարհային կանխատեսվող հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ, կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ուղիղ եթերի համար առիթ է հանդիսացել ոչ թե այդ փոքրիկ առաջըթացը, այլև այդ լուրերի ֆոնին՝ նրա արձանագրած հակահամաճարակային, հակադիմակային PR արշավի ակտիվացումը։
Տեմպի փոքր անկումը պայմանավորելով հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, Փաշինյանը խնդրեց տուրք չտալ անպատասխանատու հայտարարություններին, որովհետև, նրա խոսքով, «դիմակի կրումը հակահամաճարակային այս պրոցեսի մեջ ունի անկյունաքարային նշանակություն»:
«Իմ կոչն է, որ այս հարցում ավելի ու ավելի համախմբվենք, որ աշնանը լինենք ոչ միայն մեր չափանիշներով, այլ՝ համաշխարհային առումով պատրաստ երկրորդ ալիքին: Խնդրում եմ ամենևին մի թուլացրեք զգոնությունը: Մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից: Եվ սա սարսափելի վիճակագրություն է»,-նշեց ՀՀ կառավարության ղեկավարը:
Նշենք՝ կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9969 մարդ: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ հանրապետությունում մարտի 1-ից առ այսօր նոր կորոնավիրուսային հիվնադության 36 613 դեպք է արձանագրվել, որից 25 734-ը ապաքինված, 692-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսով հիվանդ ևս 218 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը