Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի հայտարարությանը - RadioVan.fm

Онлайн

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի հայտարարությանը

2020-07-13 18:41 , Политика, 940

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ՀՀ ԱԳՆ) տարածած հայտարարությամբ խստորեն դատապարտում է Թուրքիայի արտգործնախարարության՝ եղբայրական Ադրբեջանին անվերապահ աջակցություն հայտնելու և Հայաստանին սթափվելու կոչ անելու վերաբերյալ հայտարարությանը:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն:

Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը:

Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը:

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ»:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին՝ կեսօրին մոտ, Տավուշի հատվածում Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու, հայկական զինված ուժերի (ԶՈւ) սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Այսօր ևս Հայաստանի սահմանին իրավիճակը պարբերաբար սրվում է, ժամ առաջ էլ հաղոդվեց, որ հակառակորդը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ, տուժածներ չկան:

Ի դեպ նշենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: Սակայն մինչ այս պահը նիստի կայացման, դրա արդյունքների մասին որևէ տեղեկություն չկա, դեռ ավելի՝ դրա անցկացման մասին հայտարարությունը, որը հրապարակվել էր ՀԱՊԿ պաշտոնական կայքում, հասանելի չէ, և չկա որևէ բացատրություն, թե ինչու է հայտարարությունը հեռացվել:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть