Հրավիրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ, հայ պաշտոնյաները մշտական կապի մեջ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ - RadioVan.fm

Онлайн

Հրավիրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ, հայ պաշտոնյաները մշտական կապի մեջ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

2020-07-13 15:17 , Политика, 1515

Հրավիրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ, հայ պաշտոնյաները մշտական կապի մեջ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է այսօր ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ անցկացնել:

Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից:

Հիշեցնենք՝ երեկ, ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու, հայկական զինված ուժերի (ԶՈւ) սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության արտահերթ նիստում նշել է, որ Հայաստանի սահմանին հրետանակոծությունը պարբերաբար վերսկսվում է, դիպուկ կրակով լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ:

Նշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և մանրամասն տեղեկություններ տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումների վերաբերյալ։

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть