Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ խոսնակ

2020-07-13 16:08 , Общество, 1495

Այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է. ՀՀ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս պահի դրությամբ հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ի կիրառման պարբերականությունը նվազել է, հայտնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Հայկական կողմը կորուստներ չունի», - փոխանցում է նա։

Հիշեցնենք՝ երեկ, ժամը 12:30-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու, հայկական զինված ուժերի (ԶՈւ) սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից:

Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կառավարության արտահերթ նիստում նշել էր, որ Հայաստանի սահմանին հրետանակոծությունը պարբերաբար վերսկսվում է, դիպուկ կրակով լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ պայմանավորված՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է այսօր ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ անցկացնել:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть